Մեր մասին

www.e-lawyer.am տվյալների էլեկտրոնային բազան Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ELL PARTNERSHIP) իրավաբանական գրասենյակի հերթական նախագծերից մեկն է, որն նպատակ ունի էլեկտրոնային բազաների միջոցով մասնագիտական լսարանին ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության առավել կարևոր իրավական ակտերի առանձին նորմերի գործնական մեկնաբանությունները՝ հիմնված ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների վրա:





Առաջին հրապարակումը վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործնական մեկնաբանություններին, որը 2013թ-ին տպագրվեց և արդեն մի քանի ամիս անց գրախանութներից ամբողջությամբ վաճառվեց:

 

Հայկական իրականությունում իր տեսակի մեջ աննախադեպ այս աշխատանքը նվիրված է հայկական պետականության համար ամենից կարևոր արժեքներից մեկի զարգացմանը` մասնավոր իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման, դրա շուրջ ձևավորված ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային բնույթ ունեցող որոշումների վերլուծությանը և հետևաբար` մասնավոր հարաբերությունները կարգավորող իրավական առանձին դրույթների կարգադրագրի առավել հստակ պատկերացմանը:

 

Քաղաքացիական հարաբերությունների կարգավորման համակարգ կազմող և համալիր այս հետազոտությունը կատարվել է հեղինակի կողմից հինգ տարիների ընթացքում, որի ընթացքում նա աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում և անմիջականորեն ներգրավված է եղել Վճռաբեկ դատարանի վերլուծական աշխատանքներում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում զբաղվել է գիտակրթական աշխատանքներով: Սա ավելի է ընդգծում և բարձրացնում աշխատանքի թե՛ տեսական, թե՛ գործնական արժեքը: 

 

Եվ իրականում. այսօր դժվար թե գտնվի մեկ հաջողակ փաստաբան, ով իր դատական ներկայացուցչությունները իրականացնելիս, գործի փաստական և իրավական հիմքերը ներկայացնելիս կամ դատավորը գործն ըստ էության լուծող դատական ակտ ընդունելիս չփորձի հիմնվել նախկինում ընդունված դատական ակտերի եզրահանգումների վրա` դրանով իսկ նպաստելով միատեսակ հարաբերությունների միևնույն եղանակով կարգավորման ապահովմանը: 

 

Մինչև հեղինակի կողմից այս աշխատանքի կատարումը հայկական իրականությունում բացակայում էր որևէ ամբողջական հետազոտություն, որ կփորձեր մեկտեղել ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և Դատարանների նախագահների խորհրդի որոշումները և դրանք օգտագործել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հիմնական դրույթների տեսագործնական մեկնաբանությունն իրականացնելու համար:

 

Այս հետազոտությունը յուրաքանչյուր փաստաբանի, դատավորի և առհասարակ` իրավաբանի գրադարանի անբաժան և ամենից շատ օգտագործվող մասն է կազմելու: 

 

Աշխատանքի հեղինակն է ի.գ.թ., դատավոր Գոռ Թորոսյանը, խմբագիրը՝ ի.գ.թ., փաստաբան Տարոն Վ. Սիմոնյանը:

 

Գործընթացում են գտնվում նաև ՀՀ այլ օրենսգրքերի և օրենքների գործնական մեկնաբանությունները: 

 

Գործընկերությունը համախմբում է Հայաստանի և արևմտյան առաջավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանած երիտասարդ և փորձառու իրավաբան գիտնականների և փաստաբանների, ովքեր զբաղվել և զբաղվում են իրավաբանությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:

 

Գործընկերության և դրա անդմաների գործունեությունը բխում է “Ընդարձակելով ազատության սահմանները” կարգախոսից, ինչը վերաբերելի է դառնում նաև սույն կայքի շրջանակներում Գործընկերության հետ համագործակցող անձանց: 

 

Գործընկերությունը համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան իրավաբան գիտնականների, հետազոտական հիմնարկների, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ֆիզիկական անձանց և առևտրային կազմակերպությունների հետ: